Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել թույլ չտալ այնպիսի իրավիճակ, ինչպես ԽՍՀՄ-ում էր, երբ մարդիկ չէին կարողանում մթերք ձեռք բերել, բայց եթե այդ ժամանակ, նրա խոսքով, դեֆիցիտ կար, ապա հիմա կարող է մարդկանց փողը չբավականացնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տեսեք, որ մեզ մոտ այնպես չստացվի, ինչպես Խորհրդային Միությունում էր: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին այդ ժամանակ ասում: Դուք դեռ երիտասարդ եք, գուցե եւ չեք հիշում, իսկ ես հիշում եմ: Այդ ժամանակ այսպես էին ասում. Խորհրդային Միությունում ամեն ինչ կա, միայն թե բոլորին չի բավականացնում: Բայց այդ ժամանակ չէր բավականացնում, քանի որ դեֆիցիտ կար: Իսկ հիմա կարող է չբավականացնել, քանի որ մարդկանց փողը չի բավականացնի որոշակի մթերքներ ձեռք բերելու այն գներով, որոնք մենք հիմա տեսնում ենք շուկայում: Մենք հիմա այդ մասին կխոսենք երկրորդ խորհրդակցության ժամանակ»,- ասել է Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
«Այս հարցը հատուկ ուշաադրություն է պահանջում, այդ թվում սա վերաբերում է նաեւ աջակցության այն միջոցառումներին, որոնք կառավարությունն օգտագործում է ոլորտի արտահանման ներուժը պահպանելու համար: Այս ամենը ճիշտ է, դա պետք է անել, բայց պետք է տեսնել, թե ինչ ուղղություններով»,- հավելել է ՌԴ նախագահը:





























