Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը:

Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այս միջոցառումը վերաբերում է այն անձանց, որոնք Արցախում պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց բնակելի տները:

«Բացի ավերածությունների արդյունքում կորցրած տներից կա նաեւ մարդկանց մի փոքր հատված, որոնք ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից: Քանի որ իրենք այդ մասով շահառու չէին հանդիսանում նախորդ միջոցառմանը, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու: Այսնիքն այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են շահառու: Այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի համար 250 հազար դրամ աջակցության տրամադրում՝ եւ չափահաս, եւ անչափահաս երեխաների մասով»,-ասաց նախարարը:

Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է սույն միջոցառման շահառու։ Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով: Միջոցառման շահառուների ցանկը տրամադրում է Արցախի կառավարությունը: