Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժօգնությունը տեղափոխվում է բաց պայմանագրերի դաշտ։ Այս մասին որոշումն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հաստատվեց կառավարության նիստում։

«Մենք այս տարվա սկզբին արդեն մի անգամ նման բան արել էինք, երբ զինծառայողների եւ փրկարար ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների մատուցված ծրագրի մեխանիզմը փոխել էինք՝ դարձնելով հրապարակային օֆերտա: Այս ծրագրում, սակայն, բացակայում էր մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժօգնությունը։ Այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների եւ մրցակցության սահմանափակման հարց չունենանք: Այսինքն ցանկացած ԲԿ, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ, կարողանա դրանք մատուցել, եւ հերթերի, հերթագրման, մերժումների խնդիր չառաջանա»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Խոսքն այն մասին է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: Ընդ որում, այդ ծախսերը վերցնում է՝ այդ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն մենք զինծառայողին, որը վերականգնողական բուժման կարիք ունի, ասում ենք՝ դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել այդ բուժումը, եւ կառավարությունը կվճարի դրա համար»: