Երբ Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմի թեժ պահին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասաց, որ Սերբիան դիտարկում է թուրքական զինված անօդաչու թռչող սարքերի ձեռք բերման հնարավորությունը, դա Բալկաններում Թուրքիայի պաշտպանական հատվածի աճող հզորության վերջին վկայությունն էր, գրում է Balkan Insight-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարին պատկանող պաշտպանական ընկերության կողմից արտադրված Bayraktar անօդաչու թռչող սարքերը Թուրքիայի ներքին պաշտպանական արդյունաբերության մեջ տասնամյա պետական ներդրումների արդյունք են: Դրանք իրենց ցույց տվեցին Լիբիայում եւ Սիրիայում Անկարայի ռազմական միջամտության եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմում Ադրբեջանի կողմից:
Հոկտեմբերի սկզբին, երբ ադրբեջանական եւ հայկական ուժերը հարվածներով էին փոխանակվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դաժան բռնության ընթացքում, Վուչիչը լրագրողներին ասել էր. «Մենք դիտարկում ենք թուրքական Bayraktar-ի գնման հնարավորությունը, եւ տեսնենք` կկարողանանք արդյոք համաձայնության գալ թուրքական արտադրողի հետ»:
Սա Թուրքիայի եւ Բալկանների միջեւ առաջին պաշտպանական գործարքը չի լինի, քանի որ Անկարան հիմնվում է երկար տարիների քաղաքական, ֆինանսական եւ մշակութային ազդեցության վրա տարածաշրջանում:
«Թուրքիան տարածաշրջան մտավ փափուկ ուժի մոտեցման միջոցով»,- ասել է Ֆինլանդիայի Աբո Ակադեմի համալսարանի Թուրքիայի հարցերով փորձագետ Սենսեր Գոզուբենլին` վկայակոչելով օսմանյան դարաշրջանի մզկիթների եւ պատմական այլ վայրերի վերականգնումը, ինչպես նաեւ մշակութային և կրթական նվիրատվությունները: «Սակայն որոշումներ կայացնող թուրք անձինք հասկանում էին, որ անհրաժեշտության դեպքում մզկիթ կառուցելն իրական քաղաքական լծակ չէ: Համագործակցությունը պաշտպանության ոլորտում եւ երկրի կախվածությունը Թուրքիայից իրական լծակներ կստեղծեն»:





























