Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցող անձանց զորակոչի ծանուցագրեր ստանալու հարցով արդեն դիմել է 5 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մեզ երեկ 2 քաղաքացի, այսօր 3 քաղաքացի եւս դիմեց այդ հարցով։ Նրանցից որեւէ մեկին մեզ դիմելու պահին պատշաճ ծանուցագրեր հանձնված չեն եղել, բայց փորձ կատարվել էր ծանուցագիր հանձնելու եւ շատ հետաքրքիր զուգադիպությամբ դա համընկել էր հատկապես շաբաթ օրվա միջոցառման հետ։ Ունենք տեղեկություն, որ սա ամենեւին պատահական չէ եւ պայմանավորված է հենց քաղաքական գործունեության հետ։ Պատրաստ ենք իրավաբանական օգնություն ցույց տալ այդ անձանց եւ չենք բացառում, որ այս ահազանգը նաեւ հիմք կհանդիսանա, որ խայտառակ պարտության բերած քաղաքական ուժի անօրինական հրահանգները չկատարվեն կամ որեւէ կերպ տեղ չհասցվեն Պաշտպանության նախարարության կողմից։ Շատ ցավալի է, որ ՊՆ-ն դառնում է այս խայտառակության հանգեցրած եւ վաղուց արդեն բարոյական որեւէ իշխանություն չունեցող խմբակի կամակատարը»,- նշեց Մելիքյանը։

Իրավապաշտպանի պատկերացմամբ՝ այդ գործընթացը պայմանավորված է հենց այդ քաղաքական դրդապատճառներով. «Այստեղ մի շատ կարեւոր գործոն կա. ՊՆ-ն պարտավոր է պարզաբանել, թե ինչ սկզբունք է դրված ծանուցագրեր ուղարկելու հիմքում, պետք է օբյեկտիվ հիմք նշի։ Կարծում եմ, որ պատերազմից հետո, երբ ՊՆ-ն կտրուկ կորցրել է իր վստահությունը մեր քաղաքացիների մոտ, դրան զուգահեռ մեծացել է անհրաժեշտ պարզաբանման ծավալը։ Մենք ունենք շատ հստակ իրավիճակ՝ անհայտ կորածներ, գերիներ։ Մենք տեսնում ենք, որ ՊՆ-ն մատը մատին չի խփում այս ուղղությամբ»։

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ եթե խոսքը վերաբերում է հողային աշխատանքներին, ապա թող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներով այդ աշխատանքները կազմակերպվեն. «Թող տրակտորներ, այլ տեխնիկա օգտագործեն, ոչ թե մարդկանց իրենց առօրյա կյանքից կտրեն, առավել եւս այս խորացող ծանր տնտեսական պայմաններով եւ հասարակության լուրջ հատվածի կողմից դավաճան համարվող ԳԳՀ-ի գլխավորությամբ զորակոչեն ու ինչ-որ հրամաններ տան։ Կարճ ասած՝ այս ամենն առաջին հայացքից այդքան էլ հասկանալի չէ։ Եւ սխալ է ասել, որ եթե կա ռազմական դրություն, որի երկարացման իրավաչափությունը նույնպես հարցականի տակ է, պետությունը իրավունք ունի ցանկացածին զորակոչել։ Ոչ, պետությունը պետք է բացատրի»։