ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է ԱՄՆ կառավարությունում պաշտոններում իր թեկնածուներին, ինչպես նաեւ իր խորհրդականներին, հաղորդում է Npr-ը:
Բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնում նա ներկայացրել է Օհայոյից Ներկայացուցիչների պալատի անդամ Մարշա Ֆաջի թեկնածությունը, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Թոմ Ուիլսակի թեկնածությունը, ով աշխատել է Բարաք Օբամայի վարչակազմում:
Եվս մեկ քաղաքական գործիչ, ով աշխատել է Բարաք Օբամայի վարչակազմում, Դենիս Մքդոնոուն ներկայացվել է վետերանների գործերի նախարարի պաշտոնում:
Նա նաեւ Քեթրին Թային առաջադրել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի պաշտոնում: Այժմ Թայը Ներկայացուցիչների պալատի՝ ուղիների եւ միջոցների հարցերի հանձնաժողովի գլխավոր առեւտրային խորհրդականն է:
Բայդենը նաեւ հայտնել է, որ Սյուզան Ռայսը կգլխավորի ներքին քաղաքականության հարցերի խորհուրդը: Ռայսն աշխատել է Օբամայի վարչակազմում որպես ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, ապա ազգային անվտանգության հարցերի խորհրդական:





























