ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով նախկին օգնական Ջոն Բոլթոնը համարում է, որ հանրապետական Դոնալդ Թրամփը չի համարձակվի առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականին երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար, հաղորդում է CNN-ը:
«Չեմ կարծում, որ նա իրականում կրկին կառաջադրվի (ԱՄՆ նախագահի պաշտոնում)»,-նշել է նա: Բոլթոնի կարծիքով՝ ամերիկյան քաղաքականությունը հիմնվում է փաստերի վրա, իսկ հասարակական կարծիքը կարող է փոխվել:
«Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը խախտում է պահպանողականության բազային սկզբունքը: Քաղաքականության մեջ մասնակցությունը թելադրված է գործունեության սկզբունքներով, ոչ թե անձերով եւ, առավելեւս, անձի պաշտամունքի հիման վրա: Ժամանակն է առաջ շարժվել»,-նշել է Բոլթոնը:
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Թրամփը մտածում է քայլեր 2024 թվականի ընտրություններին նախապատրաստվելու համար: Այդ պահին Թրամփը կլինի 78 տարեկան:
Ամռանը լույս էր տեսել Բոլթոնի «Սենյակ, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշագրերը» (The Room Where It Happened: A White House Memoir) գիրքը: Դրանում պարունակվում է քննադատություն Թրամփի ուղղությամբ: ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Բոլթոնը խախտել է պետական գաղտնիք ներկայացնող փաստերի չբացահայտման պարտավորությունը, որը ստանձնել էր նախագահի օգնակաի պաշտոնում: Թրամփը հայտարարել էր այդ պաշտոնում Բոլթոնին նշանակելու մասին 2018 թվականին, իսկ 18 ամսի անց հեռացրել էր նրան աշխատանքից:





























