Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին, ինչու՞ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ադրբեջանին են հանձնվել 2014 թվականին Քարվաճառի շրջանում պատանու սպանության համար դատապարտված Դիլհամ Ասկերովը ու Շահբազ Գուլիեւը:

Այդ երկու ստահակը ռազմագերի չեն, նրանք դատապարտյալներ են՝ դատապարտվել են Արցախի Հանրապետության դատարանի կողմից:

Այս իրավիճակում նրանք կարող էին ազատ արձակվել կամ ԱՀ նախագահի կողմից ներում շնորհվելու եղանակով, կամ իրավասու դատարանի կողմից՝ դատավճիռը բեկանվելու դեպքում:

Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին, ինչու՞ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում»,- գրել է նա։

Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։

Նշվում է, որ նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում:

Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիեւի եւ Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաեւ այլ գերիներ:

Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայ գերիների վերադարձի կապակցությամբ գրառում էր արել. «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»։

Հիշեցնենք, որ դիվերսանտներ Գուլիեւն եւ Ասկերովը ձերբակալվել էին արցախցի երեխայի սպանության  եւ այլ հանցանքների համար: Դատելով լուսանկարից՝ երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, ի տարբերություն Բաքվում ամեն օր կտտանքների ենթարկվող հայ զինվորների։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առեւանգել եւ սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաեւ նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։