Նիկոլ Փաշինյանը դեռ չի հերքել Ալիեւի հատուկ ներկայացուցիչների կողմից իր ներկայացուցիչների՝ սորոսականների հանդիպումները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Նիկոլ Փաշինյանը չի հերքել Ալիեւի կողմից 5 մլրդ դոլար իրեն տալու առաջարկը: Նիկոլ Փաշինյանը, վստահ եմ՝ վախենում է բազմաթիվ տեղեկություններից, որոնք Ալիեւը կարող է իր մասին հայտնել: Եթե դու գաղտնի գործարքի ես գնում թշնամու հետ, թշնամու բարոյականության վրա հույս չես կարող դնել, եթե դու ինքդ անբարո կերպով ծախել ես քո հայրենիքը: Հետեւաբար, ինչպես կարող ես պատասխանել մեկին, որը քո ամեն պատասխանից հետո մամուլում կարող է հերթական տեղեկատվությունը քո մասին հայտնել:
Մենք բոլորս չենք մոռացել պատերազմից 2 օր առաջ Haqqin.az-ում այն տեղեկատվությունը, որի համաձայն Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Ալիեւի ներկայացուցիչների հետ եւ առաջարկել առանց Ռուսաստանի, ուղիղ բանակցությունների միջոցով լուծել Արցախի հարցը: Ես հակված չէի հավատալու դրբեջանական մամուլին, բայց փաստը ցույց տվեց, որ 44 օր շարունակ մեզ այնքան են խաբել, որ մենք այնտեղից ավելի շատ տեղեկություն ենք ստանում, քան այստեղից»,-ասաց նա:





























