Քարվաճառում ձերբակալված մարդասպանների նկատմամբ «ռազմագերի» տերմինի կիրառումն անարգանք է նրանց կողմից սպանված հայ երեխայի եւ հայ տղամարդու հիշողության նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Զանգվածային լրատվության միջոցների համար

2014 թվականի հունիսին անչափահաս հայ երեխային առեւանգած եւ հոշոտած, զինվորական չհանդիսացող հայ տղամարդուն սպանած, հայ կնոջը հրազենային վնասվածքներ պատճառած ադրբեջանցիներ՝ Դիլհամ Ասկերովն ու Շահվազ Գուլիեւը միջազգային որեւէ փաստաթղթի հիման վրա չեն կարող հանդիսանալ ռազմագերի!

Նրանք ազգային պատկանելության հիմքով առանձնապես ծանր հանցագործություններ կատարած մարդասպաններ են, որոնց այսօրվա արտահանձման իրավական ընթացակարգը եւ հիմքերը պետք է դառնան մանրամասն քննության առարկա։

Նշված մարդասպանների նկատմամբ «ռազմագերի» տերմինի կիրառումն անարգանք է նրանց կողմից սպանված հայ երեխայի եւ հայ տղամարդու հիշողության նկատմամբ։

Խնդրում եմ զանգվածային լրատվության միջոցներին նշված անձանց որեւէ կերպ չներկայացնել որպես ռազմագերի։

Նույն կերպ ռազմագերի կարող է համարվել քնած հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովը։

Իսկ գերագույն Դավաճանը թող շարունակի պիտակավորել իր արդարացի ցասումն արտահայտող հայ ազգին՝ անարձագանք թողնելով Ալիեւի վիրավորանքները, եւ ի կատար ածելով այդ ստահակի պահանջները»,- գրել է նա։

Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։ Նշվում է, որ նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում:

Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիեւի եւ Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաեւ այլ գերիներ:

Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայ գերիների վերադարձի կապակցությամբ գրառում էր արել. «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»։

Հիշեցնենք, որ դիվերսանտներ Գուլիեւն եւ Ասկերովը ձերբակալվել էին արցախցի երեխայի սպանության  եւ այլ հանցանքների համար: Դատելով լուսանկարից՝ երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, ի տարբերություն Բաքվում ամեն օր կտտանքների ենթարկվող հայ զինվորների։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առեւանգել եւ սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաեւ նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։