«Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն այսօր` հունիսի 3-ին նշանակվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հունիսի 15-ից կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն: «Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատեց, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարեւոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման եւ ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից: Պարոն Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջեւ դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց:
Նրա պաշտոնավարման արդյունքում նաեւ մեկնարկել են հիմնադրամի առանցքային եւ խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց», - ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:




























