Երեւանի կանաչ տարածքների կրճատման, կենտրոնի գերխտացման եւ Երեւանի ճարտարապետական դիմագծի աղճատման համար մեղքը ոչ միայն վարչական կառույցների պաշտոնյաներինն է կամ ներդրողներինը, այլեւ ճարտարապետներինը: Այս մասին այսօր` հունիսի 3-ին հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` Միության 17-րդ համագումարի ժամանակ:
«Անթույլատրելիի սահմանն անցանք: Մենք կամավոր հանձնվեցինք անօրինությանը: Մենք ասացինք, որ այլեւս օրենք գոյություն չունի, չկա ոչ մի նորմատիվային փաստաթուղթ, եւ ով ասես որտեղ ասես ինչ ասես պետք է անի: Ինչ վատ բան լինում է, անընդհատ ասում են ճարտարապետն է մեղավոր, եւ ես ուզում եմ ընդունել այդ բանը, որովհետեւ ինչքան այդպես ասվում է, մարդ այնքան պետք է ինքն իր մեջ պատասխանատվության մեծ զգացում ունենա: Գոնե կանաչ տարածքների վրա այդպիսի «օկուպացիա» չէր լինի: Բայց մենք ինքներս մարդկանց, փողատերերին հրեցինք դեպի այդ կանաչ տեղերը: Մեր մեղքը կա», - նշել է նա, ու հավելել, որ Հայաստանում ոչ ոք հաշվի չի նստում ճարտարապետների հետ, այնինչ նորմալ երկրում ճարտարապետի դերը բացառիկ է:
«Քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը, խորհրդակցական ձայն ունենալու պատճառով, երբեմն կանգնում է շատ տհաճ խնդիրների առջեւ: Որովհետեւ կարող է ամբողջապես մի նախագիծ մերժվի, եւ այդ նախագիծը դրվի գործողության մեջ հենց վաղը: Օրինակը հենց հիմա կառուցվող եկեղեցին է մեր Կաթողիկեի կողքին», - նշել է Մկրտիչ Մինասյանը:




























