Եմենի ընդդիմությունը խոստացել է թույլ չտալ երկրի նախագահ Ալի Սալեհի վերադարձը, ով ներկայումս բուժման նպատակով գտնվում է Սաուդյան Արաբիայում:
Ընդդիմադիր խորհրդարանական «Իսլահ» կուսակցության առաջնորդի խոսքով, Սալեհի հակառակորդները կարծում են, որ նրա հեռացումը «բռնատիրական կոռուպցիոն վարչախմբի վերջի սկիզբն է» եւ հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու են նրա վերադարձի դեմ:
Հունիսի 5-ին Եմենում զանգվածային ցույցեր են կայացել, եւ Սալեհի հակառակորդները տոնել են նրա հեռացումը:
Սալեհին նախօրեին երկու անգամ վիրահատել են Էր-Ռիյադում: Կառավարական աղբյուրի պնդմամբ, վերականգնողական փուլը տեւելու է երկու շաբաթ, ապա նախագահը վերադառնալու է Եմեն: Սալեհը վիրավորվել էր հունիսի 3-ին իր պալատի վրա կատարված հարձակման արդյունքում:




























