Գերմանիայում գրեթե մեկ ժամով ավելի քան 20 գնացք է կանգնեցվել երկաթուղու վրա իր զուգընկերոջը «սգացող» կարապի պատճառով, ասվում է տեղական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Presse Portal կայքում հրապարակված իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարության համաձայն` միջադեպը, որը «հատուկ փրկարարական օպերացիա» էր պահանջում, տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին Կասելը (Հեսեն հող) եւ Գյոտինգենը (Ստորին Սաքսոնիա հող) կապող երկաթուղու վրա:

Երկու կարապ հայտնվել էին գերարագ երկաթուղու տարածքում, եւ թռչուններից մեկը սատկել էր` ենթադրաբար կոնտակտային ցանցի զոհ դառնալով: Ողջ մնացած թռչունը չէր ցանկանում լքել միջադեպի վայրը, իսկ նրան ճանապարհից հեռացնելու բազում փորձերը ձախողվում էին:

Օգնության էին հասել Հեսենի Ֆուլդատալ համայնքի հրշեջները, ովքեր հատուկ տեխնիկայի օգնությամբ բարձրացրել էին թռչունին:

«Փրկարարական օպերացիայի պատճառով 23 գնացք կանգ էր առել մոտ 50 րոպեով»,- նշվում է հայտարարության մեջ: Փրկված կարապին ավելի ուշ բաց են թողել Ֆուլդա գետի վրա: