Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակվելու մի քանի դեպք է հայտնաբերվել, հայտնել է է կառավարության ներկայացուցիչ Օմար Աբդերահման ալ-Համադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄԷ-ի տարածքում այլ երկրներից ԱՄԷ ժամանած քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նոր շտամով վարակման մի քանի դեպք է հաստատվել»,- ասել է նա WAM լրատվական գործակալությանը` չհստակեցնելով, թե որ երկրներից են եկել այդ մարդիկ:
Դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Ավելի ուշ Միացյալ Թագավորության Նոր եւ առաջացող շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խորհուրդը հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարատեսակն ավելի արագ տեմպերով է տարածվում եւ էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, դա դեռ չի վկայում, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց մուտացիայի հայտնաբերման մասին, շատ երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը, արգելեցին ուղեւորություններն այդ երկիր: Սակայն ԱՄԷ-ն սահմանափակվեց միայն Մեծ Բրիտանիայից թռնելուց առաջ կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական արդյունքների պահանջով:
ԱՄԷ առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` համավարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է COVID-19 վարակման 204.369 դեպք, վերականգնվել է 181.400 հիվանդ, մահացել է 662 մարդ:





























