ԱՄՆ-ում՝ նոր կորոնավիրուսի հիվանդացության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրում, COVID-19-ի դեմ պատվաստման խնդիրներ են ծագել: Մասնավորապես, պատվաստումների գործընթացը զգալիորեն հետ է մնում ժամանակացույցից: Ինչպես գրում է The New York Times-ը, պատճառը լոգիստիկայի մեջ է։

Սկզբնապես Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում էին երկրում շուրջ 20 միլիոն մարդու պատվաստել մինչեւ 2020 թվականի ավարտը:

Բայց Ֆլորիդայում բժիշկներն օգտագործել են հասանելի չափաբաժինների քառորդից էլ պակաս մասը:

Պուերտո Ռիկոյում դեղամիջոցների մատակարարումները խափանվել են տոների կապակցությամբ աշխատակիցների մեկնելու պատճառով:

Կալիֆոռնիա նահանգում բժիշկները հայտարարել են դեղամիջոցի դոզաների անբավարարության մասին: Հրապարակման համաձայն, որոշ նահանգների առողջապահական բաժանմունքների ղեկավարները, ինչպես նաեւ հիվանդանոցների գլխավոր բժիշկները, նշում են այս իրավիճակի մի քանի պատճառ: Դրանցից մեկը արձակուրդային սեզոնն է, որը սկսվել է Սուրբ ծննդյան եւ Ամանորի կապակցությամբ:

Երկրորդ պատճառը պետության կողմից վերահսկվող ծերանոցներ պատվաստանյութերի առաքման ուշացումն է:

Երրորդ պատճառը ժամանակացույցից բժշկական հաստատությունների անձնակազմերի եւ առողջապահության ոլորտի պաշտոնատար անձանց հետ մնալն է: Նրանք բավարար ժամանակ չունեն մանրամասնելու պատվաստումների արշավը եւ դեղերի բաշխումը: