Դպրոցում համադասարանցիների ծեծից մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի գործով Կոտայքի մարզի դատախազության վերաքննիչ բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ, կկայանա վաղը` հունիսի 7-ին:

Հիշեցնենք, որ 2011 թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զալյանի դիմումը՝ քննիչի կողմից քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնելու համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Դերենիկ Գասպարյանը մահացել է հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի արդյունքում: 10-ամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով եւ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչեւ մահը հասցված թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»: