ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի կողմից նոր քաղաքական ուժ ձեւավորելու փաստը մեկ տարի առաջ ՀՀՇ-ում տեղի ունեցած պրոցեսների արդյունքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը` անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» անվանումով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը: «Դա նոր պրոցես չէ, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած զարգացումների արդյունք, որն այժմ ֆորմալացվել է: Այդ նոր ուժին վերաբերվում եմ նորմալ, ինչպես կվերաբերվեի ցանկացած այլ ուժի ձեւավորման փաստին»,-հայտարարեց Աբրահամյանը:

Հարցին, թե ՀՀՇ-ում մտավախություն չունե՞ն, որ «Ազատ դեմոկրատներ»-ը այլընտրանք կդառնա ՀՀՇ-ին եւ ՀԱԿ-ին, քանի որ այդ ուժին իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` Աբրահամյանը ծիծաղով արձագանքեց, թե ցանկացած քաղաքական ուժի կարելի է գնահատական տալ` ելնելով դրա գործունեությունից: «Այդ նույն տրամաբանությամբ, կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ին կարող են այլընտրանք դառնալ արդարադատության նախարարությունում գրանցված մյուս բոլոր կուսակցությունները: Այլընտրանք դառնում են ոչ թե սոսկ ստեղծվելով, ձեւավորվելով, այլ` գործելով: Սպասենք գործողությունների զարգացմանը»,-առաջարկեց  ՀՀՇ փոխնախագահը:  

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն հունիսի 6-ին այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպել է կուսակցության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացմանը  վերաբերող  հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում դեմոկրատական արժեքների զարգացման հեռանկարները, հասարակության մասնակցության դերը որոշումների կայացման գործընթացում: Նորահայտ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին, ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի առաջ մեծ աղմուկով հեռացրին Հայոց համազգային շարժում կուսակցությունից եւ Հայ ազգային կոնգրեսից: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կորիզն էլ նրա հետ միասին հեռացվածներն են: