Հայ ազգային կոնգրեսը շարունակում է պնդել, որ պատրաստ է քաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով իշխանությունների հետ երկխոսություն սկսել արտահերթ ընտրությունների օրակարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը: «ՀԱԿ-ի երեք պահանջների կատարումից հետո մենք նախապես հայտարարել ու պատրաստակամություն ենք հայտնել երկխոսություն սկսել իշխանությունների հետ եւ կազմել ենք պատվիրակություն: Այժմ կտեսնենք, իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի ինչ արձագանք կտան: Այդ ժամանակ էլ կխոսենք: Մնացած այլ հայտարարությունները մենք չենք համարում գործող իշխանության պաշտոնական դիրքորոշումը»,-հայտարարեց Մուսինյանը:
Նա միաժամանակ հավելեց, որ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները չի կարելի համարել իշխանությունների պաշտոնական արձագանք ՀԱԿ-ին:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հունիսի 6-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաեւ արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները: Կարծում եմ, որ նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, բոլոր կողմերի ցանկություն:
Կողմերը պետք է կարողանան անընդհատ եւ ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել: Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն առաջ տանելուն արգելակելու տեսանկյունից: Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված եւ նույնն իրավունք ունի նաեւ ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` ՀԱԿ-ի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման եւ համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթեւացնելու գործին եւ կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»:




























