Ամերիկահայերը գնահատում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ջանքերը եւ հաջողություններ մաղթում ԱՄՆ դիվանագիտական կորպուսում նրա հետագա աշխատանքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով դեսպանի աշխատանքը` ասաց Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Յովանովիչի գտնվելու ժամկետը նշանավորվեց ԱՄն օգնության կրճատմամբ, երկկողմ առեւտրի ոլորտում շարունակվող անգործությամբ, եւ առաջին հերթին Երեւանի վրա Վաշինգթոնի կողմից ուժեղ ճնշմամբ` միակողմանի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման անիմաստ որոշմանը հասնելու ուղղությամբ»,- հայտարարել է Համբարյանը:
Համբարյանը նկատել է, որ ԱՄՆ յուրաքանչյուր դեսպան, ով աշխատում է Երեւանում, անխոս սեփական ոճն ու անհատականությունն է ունեցել: Սակայն նրանց աշխատանքի մասին դատում են ամերիկյան արժեքների առաջ մղման ոլորտում ձեռքբերումների առումով: Դա վերաբերում է հարցերի լայն շրջանակի` սկսած մարդու իրավունքներից եւ վերջացրած ինքնորոշմամբ ու ցեղասպանության կանխարգելմամբ, նաեւ հայ-ամերիկյան երկկողմ քաղաքական, ռազմական, տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերում առաջընթաց ապահովելու ընդունակությամբ:




























