Եվրահանձնաժողովը կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի 300 միլիոն լրացուցիչ չափաբաժին է ապահովել, հաղորդում է AP-ը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ընկերության հետ համաձայնագիրը կկրկնապատկի ԵՄ-ի կողմից պատվիրված չափաբաժինների քանակը:

ԵՀ-ն անդամ երկրներին առաջարկել է լրացուցիչ 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութ գնել` եւս 100 միլիոն չափաբաժին գնելու հնարավորությամբ:

«Սա ԵՄ-ին հնարավորություն կտա գնել մինչեւ 600 միլիոն չափաբաժին այս պատվաստանյութից, որն արդեն օգտագործվում է ԵՄ-ում: Լրացուցիչ դեղաչափերը կտրամադրվեն 2021-ի երկրորդ եռամսյակից սկսած»,- հայտարարել են ԵՀ-ում:

Տարածաշրջանում ներկայումս թույլատրված երկրորդ պատվաստանյութի շուրջ Moderna-ի հետ պայմանագիր կնքելուց հետո ԵՄ-ն այժմ կարող է պատվաստել 380 միլիոն մարդու, ինչը կազմում է ԵՄ բնակչության 80 տոկոսից ավելին: