Իսրայելը նախատեսում է մինչեւ մարտի վերջը կորոնավիրուսի դեմ պատվաստել 16 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Մենք կլինենք կորոնավիրուսը հաղթահարող առաջին երկիրը»,- ասել է Նեթանյահուն, հայտնում է Jerusalem Post-ը: «Մենք պատվաստում ենք բնակչության համապատասխան խմբերին, եւ բոլոր ցանկացողները կարող են պատվաստվել»:

Նրա խոսքով՝ կիրակի օրը սպասվում է պատվաստանյութերի եւս մեկ խմբաքանակի ժամանում, որին կհաջորդեն եւս մի քանիսը: Նա նշել է, որ Pfizer-ի հետ ավելի շատ չափաբաժիններ առաքելու մասին համաձայնություն է ձեռք բերվել, ինչը Իսրայելը կդարձնի «օրինակելի ազգ», որը հաղթահարել է բռնկումը:

«Սա առաջխաղացում է, որը մեզ դուրս կբերի կորոնավիրուսի ճգնաժամից եւ կյանքի կկոչի»,- ասել է Նեթանյահուն: «Այսպես մենք կբացենք տնտեսությունը, կվերադառնանք աշխատանքին, սինագոգ... այն կյանքին, որը մենք սիրում եւ կարոտում ենք»:

Նա հավելել է, որ Իսրայելը «վիճակագրությունը կհայտնի Pfizer-ին եւ, ընդհանրապես, մարդկությանը, որպեսզի օգնի վիրուսի դեմ պայքարի համար ռազմավարություն մշակել»: «Մենք կարող ենք դա անել, քանի որ մեր առողջապահական համակարգը ամենաառաջատարներից մեկն է աշխարհում»:

Նեթանյահուն ասել է, որ 17 անգամ խոսել է Pfizer-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները հինգշաբթի առավոտյան հայտնել են, որ առաջին պատվաստումներն արվել են 1 590 000 իսրայելցիների՝ բնակչության մոտ 17 տոկոսին: