Կապիտոլիումի զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվածներից մեկին դատարանում ռուսերենից թարգմանիչ է պահանջվել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Պարբերականի տվյալներով՝ պետական սեփականություն ապօրինի մուտք գործելու մեջ մեղադրվող 40 անձինք կանգնել են Կոլումբիայի շրջանի գերագույն դատարանի առջեւ:

Ռուսախոս ձերբակալվածը, ըստ թերթի, դատական նիստի ժամանակ ասել է. «Ես չգիտեմ, թե ինչ ապօրինի ներխուժման մասին է խոսքը»: Ռուսերեն խոսող ձերբակալվածի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում, հաղորդում է РБК-ն:

Մեկ այլ ձերբակալվածի մեղադրել են «ռազմական կարգի ավտոմատ զենք» եւ 11 շիշ պայթուցիկ պահելու, մյուսին՝ ոստիկանի վրա հոկեյի մականով հարձակվելու մեջ: Ավելին, դատախազները ապացույցներ են հավաքում պարետային ժամի խախտման լրացուցիչ մեղադրանքների համար:

Washington Post-ը հայտնում է, որ մեղադրյալների մեծ մասը Վաշինգտոն են եկել Օրեգոնայից, Ֆլորիդայից, Վայոմինգից, Կոնեկտիկուտից, Փենսիլվանիայից, Մերիլենդից եւ Վիրջինիայից:

Հունվարի 6-ին հանրապետականների կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք եւ շրջապատել Սենատի դահլիճը: Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը ընդհատել էին նիստը, որի ժամանակ նախատեսվում էր հաստատել վերջին ընտրությունների արդյունքները: Այս տվյալների համաձայն, նախագահական ընտրություններում Բայդենը հաղթել է: Բողոքի ցույցերի ընթացքում հինգ մարդ է սպանվել, ոստիկանությունը բերման է ենթարկել անկարգության մոտ 70 մասնակցի: