ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները ներկայացրել են բանաձեւ, որը պարունակում է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի ընդամենը մեկ կետ՝ «խռովության հրահրում», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ավելի վաղ հրապարակված բանաձեւի տեքստի համաձայն, այս մեղադրանքը նախագահի դեմ առաջ է քաշվել կապված Կապիտոլիումի անկարգություններում նրա դերի հետ: Ըստ տեքստի հեղինակների՝ իր գործողություններով Թրամփը «սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի ու նրա պետական ինստիտուտների անվտանգությունը»:

Երկուշաբթի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները արգելափակել են դեմոկրատների փորձը՝ առաջ քաշելու այն բանաձեւը, որով փոխնախագահ Մայք Փենսին կոչ է արվում կիրառել Սահմանադրության 25-րդ փոփոխությունը՝ Թրամփին պաշտոնանկ անելու համար:

Դեմոկրատները ցանկացել են բանաձեւը միանգամից դնել քննարկման, բայց հանրապետականները բանավոր քվեարկության միջոցով արգելափակել են այս նախաձեռնությունը: Դեմոկրատները հայտնել են, որ երեքշաբթի օրը իրենք կփորձեն կանոնակարգային քվեարկության դնել նույն բանաձեւը:

Ներկայացուցիչների պալատը կարող է իմպիչմենթի քվեարկություն անցկացնել առաջիկա օրերին:

Հաղորդվում է, որ մինչ այժմ նախաձեռնությունը սատարել են առնվազն 200 դեմոկրատներ, սակայն դրա համար անհրաժեշտ է 218 ձայն, իսկ հանրապետականներից ոչ մեկը իմպիչմենթի օգտին քվեարկելու մտադրություն չի հայտնել:

Քիչ հավանական է, որ Սենատը իմփիչմենթի քննարկում կանցկացնի նախքան Թրամփի լիազորությունների ժամկետի ավարտը, չնայած դա կարող էր արվել նաեւ վարչակազմի փոփոխությունից հետո:

Ո՛չ Թրամփը, ո՛չ Սպիտակ տունը դեռ մեկնաբանություն չեն տվել:

Նորընտիր նախագահ Բայդենը, ով պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, հստակ դիրքորոշում չի ցուցաբերել իմպիչմենթի փորձի վերաբերյալ: