Թրամփի վարչակազմը նախատեսում է Կուբան վերադարձնել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը կարող է այդ մասին հայտարարել արդեն երկուշաբթի օրը, ինչպես սպասվում է, այդ որոշումը կկապի Կուբայի կողմից ամերիկացի փախստականներին, ինչպես նաեւ Կոլումբիայի ապստամբ առաջնորդներին ապաստան տալու հետ: Նա կարող է վկայակոչել նաեւ Կուբայի աջակցությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Կուբան պաշտոնապես ահաբեկչական ցուցակից հեռացնելու նախկին նախագահ Բարաք Օբամայի 2015-ի որոշումը մեծ քայլ էր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:

Նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին իշխանության գալուց ի վեր դեմ է եղել Կուբային եւ խստացրել է ԱՄՆ ուղեւորությունների ու Կուբա փոխանցումներ կատարելու սահմանափակումները, ինչպես նաեւ պատժամիջոցներ է կիրառել կղզի Վենեսուելայի նավթի մատակարարումների դեմ:

Նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ով Օբամայի օրոք փոխնախագահ էր, 2020-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ անհապաղ կչեղարկի Կուբայի հանդեպ Թրամփի քաղաքականությունը, որը «վնաս է հասցրել կուբացի ժողովրդին եւ ոչինչ չի արել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները խթանելու համար»:

Բայց Թրամփի վարչակազմի որոշումը կարող է Բայդենի համար դժվարացնել հարաբերությունների կարգավորումը Կուբայի հետ, երբ նա ստանձնի պաշտոնը հունվարի 20-ին: