Խոսնակ Նենսի Փելոսին եւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հավաքել են բավարար ձայներ՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի բանաձեւը պաշտպանելու համար, հաղորդում է Politico-ն:
Առնվազն 218 դեմոկրատներ ստորագրել են իմպիչմենթի մասին բանաձեւը, դա բավարար է այդ միջոցը ընդունելու համար, եթե այն դրվի քվեարկության այս շաբաթվա վերջին:
Փելոսին հայտարարել է, որ բանաձեւը քվեարկության կդրվի այս շաբաթ, եթե Թրամփը հրաժարական չտա, կամ փոխնախագահ Մայք Փենսը չօգտագործի 25-րդ ուղղումը՝ նրան հեռացնելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները բանաձեւ են ներկայացրել, որը պարունակում է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի ընդամենը մեկ կետ՝ «խռովության հրահրում»:
Ավելի վաղ հրապարակված բանաձեւի տեքստի համաձայն, այս մեղադրանքը նախագահի դեմ առաջ է քաշվել կապված Կապիտոլիումի անկարգություններում նրա դերի հետ: Ըստ տեքստի հեղինակների՝ իր գործողություններով Թրամփը «սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի ու նրա պետական ինստիտուտների անվտանգությունը»:
Երկուշաբթի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները արգելափակել են դեմոկրատների փորձը՝ առաջ քաշելու այն բանաձեւը, որով փոխնախագահ Մայք Փենսին կոչ է արվում կիրառել Սահմանադրության 25-րդ փոփոխությունը՝ Թրամփին պաշտոնանկ անելու համար:





























