ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջին պահին չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Եվրոպա այն բանից հետո, երբ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են հանդիպել նրա հետ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:

Վաշինգտոնի հանդեպ քամահրալի վերաբերմունքը դրսեւորվել է հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից մի քանի օր անց՝ ապշեցնելով աշխարհի շատ առաջնորդներին եւ ԱՄՆ դաշնակիցներին:

Թրամփի մերձավոր դաշնակից Պոմպեոն Լյուքսեմբուրգում պետք է հանդիպեր արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ, նախքան Բրյուսելում ԵՄ ղեկավարների եւ գլխավոր դիվանագետի հետ հանդիպումները, հայտնում են աղբյուրները:

Սակայն Պոմպեոյի Բրյուսել այցի ժամանակացույցը չէր ներառում որեւէ հանդիպում ԵՄ-ի հետ կամ ՆԱՏՕ-ում հասարակական միջոցառումներ: Դիվանագիտական աղբյուրն ասել է, որ Պոմպեոն «շփոթեցրել է» դաշնակիցներին անցյալ շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նախապես պլանավորված այցը չեղյալ է հայտարարվել, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել: ԵՄ-ն հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:

ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղյալ հայտարարելը բացատրել է նոր վարչակազմին իշխանությունը փոխանցելու հետ կապված աշխատանքով:

Բրյուսելում Պոմպեոն պետք է մասնավոր ընթրիք ունենար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ` նախքան Բելգիայի արտգործնախարար Սոֆի Ուիլմեսի հետ հանդիպելը: