Շինարարությունն արդեն դուրս է գալիս ճգնաժամից, ու աստիճանաբար վերականգնում է ծավալները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էլիտ գրուպ» շինարարական ընկերության նախագահ Արմեն Մկոյանը: Նրա խոսքով` դեռ նախաճգնաժամային մակարդակին չեն հասել, բայց հիմնական ռիսկերն էապես նվազել են, խուճապն անցել է:
«Իհարկե` շուկան որոշակի փոփոխության ենթարկվեց, հինն այլեւս չի լինելու, բայց անշարժ գույքը միշտ էլ պահանջարկ ունի, ու մարդիկ շարունակելու են ձեռքբերումներ անել»,- ասաց Ա. Մկոյանը:
«Էլիտ գրուպ»-ի նախագահը հավաստիացրեց, որ միայն էլիտար շենքեր չէ, որ կառուցում են, ունեն նաեւ բիզնես-կլաս մակարդակի շենքեր` միջին խավի համար: Այն հարցին, թե ովքե՞ր են բնակարանների գնորդները, եթե սփյուռքահայերից շատերն այլեւս զգուշանում են Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել, Ա. Մկոյանը պատասխանեց, որ միշտ էլ տեղացիները ձեւավորել են անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի 50 տոկոսը: Ներկայում տեղացիների կողմից պահանջարկի աճ կա: Հաճախորդների մյուս հիմնական մասը Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հայությունն է:
Ինչ վերաբերում է բնակարանների գներին, ապա Ա. Մկոյանն ասաց, որ բնակարանների գները 10-15 տոկոսով ընկել են, բայց հիմա գները վերականգնվում են: «Ինքնարժեքը բարձրանում է, ոչ մի բանի գին չիջավ` նյութերի գինը չիջավ, աշխատուժի գինը չիջավ, ինչի՞ հաշվին պետք է ընկնի բնակարանի գինը»,- ասաց գործարարը:
Բացի այդ` գների կայունացմանը նպաստում է այն հանգամանքը, որ հիմա բնակարանների մեծ առաջարկ էլ չկա, քանի որ ճգնաժամային տարիների ընթացքում նոր նախագծեր կյանքի չեն կոչվել: Ու թեեւ հիմա պահանջարկը վերականգնվում է, սակայն բազմաբնակարան շենքը հնարավոր չէ 1 տարում կառուցել; Արդյունքում` առաջարկը քչացել է, իսկ բնակարանի պահանջարկը մնացել է: «Պահանջարկ կա, չբավարարված պահանջարկ է, ուղղակի մարդիկ վախեցած են»,-նշեց Ա. Մկոյանը: Նրա տեղեկացմամբ, «Էլիտ գրուպը» սկսել է նոր շենքերի շինարարություն;



























