Թերթը զրուցել է հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ:
ՀԱԿ-ը փաստորեն չի հրաժարվում արտահերթ ընտրությունների իր պահանջից: Սա իշխանության հետ երկխոսելու առի՞թ է, թե՞ վերջնագիր:
Հերթական խորհրդարանական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, եւ այդ ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել պատշաճորեն նախապատրաստվելու համար: Մինչդեռ ՀԱԿ-ը կարեւորում է, որ ընտրությունները անպայման արտահերթ լինեն: Այսինքն, կարեւոր չէ` երբ, կարեւորը, որ իր ասածը լինի: Սա հենց խռովկան երեխայի քմահաճույք է, որի մեջ տրամաբանություն չկա:
Ժողովրդավարական պատշաճ ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու համար եւս ժամանակ է պետք: Մենք նոր Ընտրական օրենսգիրք ենք ընդունել, ըստ որի էլ նոր սկզբունքով ընտրական հանձնաժողովներ պետք է ձեւավորվեն: Ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար մեծ թվով մարդիկ հատուկ դասընթացներ պետք է անցնեն:
Չեմ կարծում, թե ՀԱԿ-ը չի հասկանում, որ ժամանակից շուտ ընտրություններ անցկացնելու համար ոչ միայն քաղաքական պատճառներ չկան, այլեւ անհրաժեշտ է լուծել բազմաթիվ օրենսդրական ու տեխնիկական խնդիրներ: Դուրս է գալիս` ՀԱԿ-ը պահանջում է միայն, որ իր ասածը լինի, թեկուզ ընտրությունները տապալվեն: Սա լուրջ չէ:
Առողջ բանականությունը հուշում է, որ եթե ՀԱԿ-ը վստահ է իր ուժերին, ապա մտավախություն չպետք է ունենա` ընտրությունները արտահե՞րթ, թե՞ հերթական կլինեն:
ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարում են, թե իշխանությունը պարզապես վախեցավ իրենց հետ երկխոսել:
Քաղաքական մեծամասնությունը առկա բոլոր խնդիրները ինքնուրույն լուծելու բավարար ներուժ ու հնարավորություններ ունի, եւ մեզ որեւէ բանով վախեցնելը անհեթեթություն է: ՀԱԿ-ը պարզապես իր նպատակներին ամեն գնով հասնելու քաղաքական որոշակի հնարքներ է գործադրում:
Հենց ՀԱԿ առաջնորդի վարքում հակասություններ կան: Նա իր ելույթում ասում է, որ իր առաջարկները քննարկելի են, իշխանությունները կարող են չընդունել դրանք ու այլ լուծումներ առաջարկել: Բայց երբ իշխանությունը հայտնում է իր անհամաձայնությունը, անմիջապես հնչում է արաբական սցենարներով հեղաշրջում կատարելու սպառնալիքը: Սա շատ բանի մասին է խոսում։




























