Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր` հունիսի 8-ին, հրապարկել է «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական վճիռը, որի համաձայն`օրաթերթին պարտավորեցրել է ՀՀԿ-ական պատգանավոր Տիգրան Արզաքանցյանին վճարել 200 հազար դրամ «լակոտ» բառով պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար, 80 հազար դրամ` փաստաբանական եւ 8 հազար դրամ՝  դատական ծախսերի համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը:

Մնացած մասով պատգամավորի հայցը դատարանը մերժել է՝ անհիմն լինելու հիմքով: Խմբագիրը նշեց, որ իրենք «լակոտ» բառի համար հերքում տպագրել են համապատասխան տեղեկանք ստանալուց հետո: «Անհրաժեշտ է ավելի մանրամասն ծանոթանալ վճռին` վերջնական եզրակացություն անելու համար: Որովհետեւ երբ հերքված բառի համար նորից տուգանք են նշանակում, դա պետք է ուսումնասիրենք»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը:

Ի դեպ, երեկ`  հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը նա նշել էր, որ եթե հայցը բավարարվի ամբողջովին կամ մասնակի, ապա «Երկիրը» մտադիր է շարունակել դատական գործընթացը, բողոքարկել այնքան ժամանակ, որ իրենց դատական ծախսերը փոխհատուցեն: Եթե Հայաստանում հաջողություն չունենան, ապա դիմելու են նաեւ Եվրոպական դատարան եւ համոզված են, որ այնտեղ հաղթելու են: Այսօր մեզ հետ զրույցում գլխավոր խմբագիրը նշեց, որ դատական գործընթացի օբյեկտիվությունից եւ վճռից իրենք մասամբ բավարարված են, բայց մեծ մասով բավարարված չեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին՝ իր պատիվն ու  արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Արզաքանցյանը վիրավորանք ու զրպարտանք է համարել իր հասցեին թերթում արված «ստիլյագ», «Քյավառա բարբառով խոսող», «ռուս գեղեցկուհիներ Հայաստան տանող-բերող», «կազինոների մշտական հաճախորդ», «ծեծ ուտելու սովորություն ունեցող» արտահայտությունները: Հայցադիմումի համաձայն Տիգրան Արզաքանցյանը պահանջում է թերթից բռնագանձել 3 մլն դրամ գումար,  ինչպես նաեւ 568 հազար դրամ փաստաբանական եւ դատական ծախսերի համար: