Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ կարող են հանդիպել Հայաստանի հանրապետական կուսակցության պահակի հետ, եթե առ այսօր բանակցությունների սեղանին նստել եւ երկխոսություն են վարել պահակի մակարդակով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հայտարարությունը:

Մելիքյանն անընդունելի է որակել ՀԱԿ-ի ռազմավարությունը. «Չի կարելի լկտիություն դրսեւորել լուրջ առաջարկների նկատմամբ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անձնական պատասխանի անհրաժեշտությունը չկա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայ ազգային կոնգրեսը չի ցանկանում արձագանքել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությանը` ընդգծելով, որ Կոնգրեսը սպասում է գործող իշխանության` ի դեմս Սերժ Սարգսյանի պատասխանին: Այս մասին հայտարարել էր ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Իսկ ՀԱԿ մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը ՀԱԿ-ի համար հիմք չէ, քանի որ դրանում նշված չէ, որ Կարապետյանն այդ հայտարարությունն անում է որպես Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձ: «Կարող է հայտարարություն անել անգամ Սերժ Սարգսայնի աշխատակազմի պահակը, միայն թե նա պետք է ասի, որ այդ հայտարարությունն անելու համար իրեն լիազորել է Սերժ Սարգսյանը»,- նկատել էր Մանուկյանը: