Microsoft-ի համահիմնադիր, միլիարդատեր-բարերար Բիլ Գեյթսը շատ զարմացած է, որ համավարակի ընթացքում ինքը կորոնավիրուսի մասին դավադրության «խելահեղ» տեսությունների եւ համացանցում ապատեղեկատվության թիրախ է դարձել:

Միլիոնավոր առցանց հաղորդագրություններ, որոնք պարունակում են Գեյթսին ուղղված մի շարք դավադրության տեսություններ, տագնապալի արագությամբ տարածվել են սոցիալական ցանցերում՝ մեկ տարի առաջ վիրուսի հայտնվելուց հետո, ներառյալ այն պնդումները, որ ինքն է ստեղծել է COVID-19-ը՝ բնակչությանը վերահսկելու, պատվաստանյութերից շահույթ ստանալու, մարդկանց մեջ հետաապնդող միկրոչիպեր ներմուծելու համար, որպեսզի վերահսկի նրանց:

«Ոչ ոք չէր սպասում, որ մենք դոկտոր Ֆաուչիի հետ այսքան նկատելի կլինենք այս իսկապես չար տեսություններում»,- ասել է Գեյթսը Reuters-ին: «Մի՞թե մարդիկ իսկապես հավատում են դրան»:

Yahoo News / YouGov-ի հարցումը, որը համավարակի սկզբնական փուլում կատարվել է 1640 մարդու շրջանում, ցույց է տվել, որ ամերիկացիների 28 տոկոսը կարծում է, թե Գեյթսը իսկապես ցանկացել է պատվաստանյութերը օգտագործել միկրոչիպեր տեղադրելու համար:

Այն դեպքում, երբ Գեյթսը դարձել է համացանցում դավադրության հայտնի տեսությունների առարկա, նրա բարեգործական հիմնադրամը ամենամեծ ներդրումներից մեկն է ունեցել վիրուսի կանխարգելման գլոբալ արձագանքման գործում: Հիմնադրամը առնվազն 1,75 միլիարդ դոլար է հատկացրել վիրուսի դեմ պայքարին՝ ներառյալ պատվաստանյութերի մշակումներն ու տարածումը եւ COVID-19-ի բուժման մեթոդների հետազոտումը։