Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 9-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորին (Philippe Lefort), ով Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններում առկա բարձր մակարդակի եւ ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ այն նպաստավոր դաշտ է ստեղծում երկու երկրների միջեւ բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման եւ ընդյանման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:

Երկուստեք կարեւորվել է համագործակցության առավել ամրապնդումն տնտեսական ու մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ միջխորհրդարանական, ապակենտրոնացված ձեւաչափերով:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, մասնավորապես Հայաստանի եւ ԵՄ միջեւ ընթացող ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում, նախարար Նալբանդյանն ընդգծել է Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: