Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կողմերը ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայման շուրջ համաձայնության են եկել, Բաքվի կողմից իրականության յուրօրինակ մեկնաբանություն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Կովկաս» վերլուծական ինստիտուտի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
Այլ խոսքերով, նկատեց նա, Մամեդյարովի այս հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Փորձագետի կարծիքով, այդ հայտարարությունը նպատակ ունի մինչեւ հունիսին Կազանում կայանալիք հանդիպումը ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Նա ընդգծեց, որ հայկական կողմը բացարձակ ճիշտ է վարվել՝ չարձագանքելով այդ հայտարարությանը, քանի որ պաշտոնական Երեւանի արձագանքը կարող էր բերել Բաքվի երեւակայության փայլատակմանը։ «Բաքվի բոլոր այդ հայտարարությունները երեւակայության ոլորտից են»,- ամփոփեց փորձագետը։



























