Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախօրեին կայացած նիստում քննարկել է Հայաստանի կողմից «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ Եվրադատարանի կայացրած վճռի կատարման ընթացքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը:
Քննարկումների արդյունքում ԵԽ Նախարարների կոմիտեն, հիմնվելով Հայաստանի կառավարության զեկույցի վրա եկել է վերջնական եզրակացության, որ կառավարությունը լիովին կատարել է Եվրադատարանի որոշումը:
2008թ. դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի` Հայաստանում խախտվել են «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները, մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը խոսքի ազատության մասին, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պատշաճ կարգով չի հիմնավորել «Ա1+»-ի հեռարձակման զրկումը:
Հեռուստաալիքը զրկվել էր եթերից 2002թ. ապրիլի 2-ին` պարտվելով 37-րդ կապուղու մրցույթը: Դրանից հետո «Ա1+»-ը բազմիցս մասնակցել է մրցույթներին, բայց ապարդյուն:




























