Չինաստանը հայտարարել է համաշխարհային COVAX նախաձեռնության շրջանակներում զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ 10 միլիոն դոզա պատվաստանյութ տրամադրելու ծրագրի մասին, հայտնում է AP-ն:
ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Վան Վենբինն ասել է, որ Չինաստանը պատասխանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խնդրանքին, քանի որ զարգացող երկրները ձգտում են լրացնել այն դեֆիցիտը, որը, ըստ կանխատեսումների, կպահպանվի մինչեւ մարտ: Նա մանրամասներ չի հաղորդել այն մասին, թե Չինաստանը ինչ պատվաստանյութ է տրամադրել COVAX-ին:
COVAX-ը, որը համակարգվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ պատվաստանյութերի հարցերով GAVI դաշինքի կողմից, ձգտում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութերի բավարար քանակ տրամադրել, քանի որ հարուստ երկրները ապագա միլիարդավոր չափաբաժինների զգալի մասը հիմնականում գնել են պատվաստանյութերի արեւմտյան արտադրողներից:
«Հուսով ենք, որ միջազգային հանրության այն երկրները, որոնք համապատասխան հնարավորություններ ունեն, միջոցներ կձեռնարկեն, կաջակցեն COVAX-ին պրակտիկ գործողություններով, կաջակցեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատանքներին, կօգնեն զարգացող երկրներին ժամանակին պատվաստանյութեր ստանալ եւ կօգնեն հաղթահարել համավարակը մոտակա ժամանակներում»,- ասել է Վանը: Նա հավելել է, որ ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակներում օգտագործման համար չինական պատվաստանյութերը հաստատելու գործընթացում է:
COVAX-ը ապահովել է միայն մի մասը 2 միլիարդ չափաբաժնից, որը հույս ունի գնել 2021 թվականին: Անցյալ ամիս Pfizer-ը պարտավորվել է այս տարի COVID-19-ի դեմ պատվաստանյութի մինչեւ 40 միլիոն դոզա մատակարարել COVAX-ի միջոցով:




























