Անհրաժեշտ է փորձել կորոնավիրուսի գենետիկական տարրեր հայտնաբերել չղջիկների քարանձավներում: Այս մասին հայտարարել է կենդանաբան եւ կենդանիների հիվանդությունների փորձագետ Փիթեր Դասզակը, ով ԱՀԿ փորձագիտական խմբի անդամ է, որը կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում COVID-19-ի ծագման բանալին է փնտրում:
Նրա խոսքով՝ Ուհանի թիմը նոր տեղեկություն է ստացել այն մասին, թե ինչպես է քաղաքում 2019-ին առաջին անգամ հայտնաբերված վիրուսը հանգեցրել համավարակի: Նա չի մանրամասնել, բայց ասել է, թե ոչ մի ապացույց չկա, որ վիրուսը ծագել է լաբորատորիայում:
Կորոնավիրուսի ծագումը դարձել է խիստ քաղաքականացված այն մեղադրանքներից հետո, հատկապես Միացյալ Նահանգների կողմից, որ Չինաստանը թափանցիկություն չի ցուցաբերել բռնկման դեմ պայքարի իր վաղ գործողություններում:
Փիթեր Դասզակը 2002-2003 թվականներին մասնակցել է սուր շնչառական համախտանիշի (SARS) ծագման հետազոտություններին՝ հետեւելով դրա արմատներին մինչեւ այն չղջիկները, որոնք ապրում էինՅուհան նահանգի հարավարեւմտյան քարանձավներում։
«Նմանատիպ հետազոտություն է անհրաժեշտ, եթե ուզում ենք պարզել COVID-19-ի իրական ծագումը վայրի բնության մեջ»,- ասել է նա: «Չղջիկների շրջանում հավանական աղբյուր գտնելու այս ջանքերը կարեւոր են, քանի որ եթե կարողանանք գտնել այդ մահացու վիրուսների աղբյուրները, կարող եք նվազեցնել շփումը այդ կենդանիների հետ», - ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում:
«Ես տեսնում եմ, որ որոշ սցենարներ ավելի արժանահավատ են թվում, քան նախկինում էր»,- ասել է նա:
Սցենարներից մեկը, որը թիմն ավելի ուշադիր է ուսումնասիրում, այն հավանականությունն է, որ վիրուսը կարող էր շրջանառվել շատ ավելի վաղ, քան առաջին անգամ հայտնաբերվել է Ուհանում: «Սա այն է, ինչ մեր խումբը շատ ուշադիր ուսաումնասիրում է, որպեսզի տեսնի, թե համայնքում փոխանցման ինչ մակարդակ կարող էր տեղի ունենալ նախկինում»,- ասել է Դասզակը: «Իրական աշխատանքը, որ մենք այստեղ անում ենք, դա հետեւելն է ուղուն՝ առաջին դեպքերից մինչեւ կենդանիների ջրամբար, եւ դա շատ ավելի խճճված ճանապարհ է, որը, հնարավոր է, տեւի մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ»:
Գիտնականները այցելել են հիվանդանոցներ, հետազոտական կենտրոններ եւ ծովամթերքների շուկա, որտեղ հայտնաբերվել է առաջին բռնկումը:




























