Միացյալ Նահանգները չեն պատրաստվում Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ձեւավորել Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռքբերելու շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի ընդգծել, որ աշխատանքային խումբ չի լինելու: Դա ԱՄՆ օրենքները պահպանելու հարց է: Մենք հույս ունենք, որ Ս-400-ի խնդիրը կարող է կարգավորվել, սակայն եթե դա անհնար է, ապա մենք կշարունակենք կենտրոնացնել մեր ուշադրությունը մեր համագործակցության բոլոր ոլորտների վրա, որոնք ուղղակիորեն չեն շոշափվել մեր կողմից սահմանված պատժամիջոցներով»,-մեջբերում է Անատոլիական գործակալությունը:
Միեւնույն ժամանակ ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ Վաշինգտոնը դիմել է պատժամիջոցներ սահմանելու քայլին «ափսոսանքով», քանի որ Ս-400-ի հետ կապված իրավիճակը շարունակվել է ավելի քան մեկ տարի:
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի եւ հանրապետության եւս երեք քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Թուրքիան ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ այդ որոշումն ու խոստացել ձեռնարկել պատասխան միջոցներ: ԱԳՆ-ում նաեւ ընդգծել են, որ Անկարան կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի ազգային անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ ռուսական Ս-400-ն օգտագործելու պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի մտադրությունը ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակցի նկատմամբ անարգանքի դրսեւորում է:




























