Ռուսաստանը հայտարարում է պերսոնա նոն գրատա Շվեդիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներին, որոնք մասնակցել են անօրինական ցույցերին Մոսկվայում եւ Պետերբուրգում հունվարի 23-ին: Դիվանագետներին այդ մասին որոշման կապակցությամբ կանչել էին ՌԴ ԱԳՆ ուրբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անօրինական ակցիաներին մասնակցած դիվանագետները համարվել են պերսոնա նոն գրատա: Առաջիկայում նրանք պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ռուսական կողմն ակնկալում է, որ Շվեդիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի դիվանագիտական առաքելություններն ու դրանք անձնակազմը կպահպանեն միջազգային իրավունքի նորմերը»,-նշել են դիվանագիտական կառույցում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի իր շվեդ գործընկեր Անն Լինդեի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում չարտոնագրված ակցիաներին Շվեդիայի դեսպանատան մասնակցության մասին: Շվեդիայի եւ Լեհաստանի հյուպատոսությունների աշխատակիցները նկատվել էին Սանկտ Պետերբուրգում ակցիաներին, իսկ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը՝ Մոսկվայում:





























