ԳԴՀ իշխանությունները Բելառուսի ընդդիմությանը սատարող գործողությունների ծրագիր են ընդունել։ Խոսքը ապաստան եւ կրթաթոշակ տրամադրելու, անկախ լրատվամիջոցներին աջակցություն ցուցաբերելու մասին է: Այս մասին շաբաթ օրը կայացած ավանդական տեսաելույթում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԳԴՀ կառավարությունն ընդունել է «Բելառուսի քաղաքացիական հասարակություն» գործողությունների ծրագիրը: Հետապնդվող ընդդիմադիրներն ու աղքատ մարդիկ կկարողանան պարզեցված կարգով վիզա եւ այդպիսով ապաստան ստանալ մեզ մոտ: Մենք ցանկանում ենք օգնել խոշտանգումների, տրավմայի ենթարկվածներին, ներդնել կրթաթոշակներ եւ աջակցել անկախ ԶԼՄ-ներին»,- ասել է Մերկելը:

Կանցլերի խոսքով՝ դա «չի փոխի առճակատումը» Բելառուսում հակամարտող կողմերի միջեւ, քանի որ «դա անհնար է դրսից» անել, բայց Բեռլինում աջակցություն կցուցաբերի ընդդիմությանը, «մենք լսում ենք նրանց ձայները»:

Մերկելը Մինսկի իշխանություններին կոչ է արել «անհապաղ դադարեցնել բռնությունները եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին»: Նա կրկին հայտարարել է, որ Գերմանիան եւ ԵՄ-ն «կշարունակեն պատասխանատվության ենթարկել Բելառուսում մարդու իրավունքների շարունակական խախտումների մեղավորներին»: