Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել մինչեւ 300 հազար իենի (գրեթե 2.9 հազար դոլար) չափով տուգանել վայրի կենդանիներին եւ թռչուններին կերակրելու փորձերի համար: Այս դրույթը, ըստ Kyodo-ի, կներառվի բնական պարկերի եւ արգելոցների մասին օրենսդրության վերանայման նախագծում: Փաստաթուղթը նախատեսվում է հաստատել կառավարության` մարտի սկզբին կայանալիք նիստին:
Նախագիծը մշակած Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը կարծում է, որ վայրի կենդանիներին կերակրելը խախտում է բնական պատնեշը նրանց եւ մարդկանց միջեւ եւ վտանգավոր իրավիճակներ է ստեղծում: Այդպիդի կենդանիները հակված են բնակավայրեր գալ, ինչը երբեմն մարդկանց վրա հարձակումների է հանգեցնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Առաջին հերթին առաջարկվում է արգելել կերակրել արջերին, աղվեսներին եւ վայրի կապիկներին: Օրենքի վերանայման նախագծի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներն իրավունք են ստանում պաշտոնապես նախազգուշացնել նման վարքի անթույլատրելության մասին: Անհնազանդության դեպքում տույժեր կկիրառվեն:
Ճապոնիայի իշխանությունները հատկապես անհանգստացած են արջերի հետ կապված իրավիճակի կապակցությամբ, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են բնակավայրեր գալիս` սննդի որոնման նպատակով: Մասնավորապես, Հոկայդո կղզու հյուսիսում գտնվող Սիրետոկո ազգային պարկում 2017-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում 355 նման դեպք է գրանցվել: Դա մասամբ կապված է նրա հետ, որ տեղացիները դիտավորյալ սնունդ էին թողնում արջերի համար:





























