Համաշխարհային առեւտրի վերականգնումը 2021 թվականի առաջին եռամսյակում կրկին կդանդաղի, քանի որ կորոնավիրուսային համավարակը շարունակում է բացասաբար ազդել տուրիզմի արդյունաբերության վրա: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) զեկույցում:

Երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումները 2020 թվականի առաջին կիսամյակում առեւտրի 15 տոկոս անկման հանգեցրին, այն վերականգնվեց երկրորդ կիսամյաում, իսկ չորրորդ եռամսյակում համաշխարհային առեւտուրը երրորդ եռամսյակի համեմատ աճեց շուրջ 8 տոկոսով: Դա հավասարապես տեղի ունեցավ զարգացող տնտեսությամբ երկրների հաշվին, հատկապես` Արեւելյան Ասիայում, որտեղ չորրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առեւտուրն աճել է 12 տոկոսով:

«Վերականգնման գործընթացը գլխավորում են Արեւելյան Ասիայի երկրների տնտեսությունները` արտահանման զգալի աճի եւ համաշխարհային շուկայում մասնաբաժնի ավելացման շնորհիվ»,- հայտարարել է UNCTAD-ը` հավելելով, որ չորրորդ եռամսյակում արտադրական ճյուղերի մեծ մասը վերականգնվել է` բացառությամբ էներգիայի եւ տրանսպորտի ոլորտների:

Այնուամենայնիվ, ծառայությունների առեւտուրը կանգ է առել երրորդ եռամսյակում գրանցված մակարդակում: 2021 թվականի առաջին եռամսյակում UNCTAD-ը ապրանքների առեւտրի 1.5 տոկոս անկում եւ ծառայությունների առեւտրի 7 տոկոս անկում է կանխատեսում նախորդ եռամսյակի համեմատ: