Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրել են շահույթը եմենցիների կյանքից վեր դասելու մեջ այն բանից հետո, երբ կառավարությունը թույլատրել է Սաուդյան Արաբիա 1,9 մլրդ դոլարի չափով զենքի արտահանումը:
Համաձայն տվյալների, որոնք հրապարակել է միջազգային առեւտրի նախարարությունը, ՄԲ-ն թույլատրել է սպառազինության, այդ թվում հրթիռների եւ ռումբերի վաճառքը 2020 թվականի հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Տեղացի ակտիվիստները հայտարարել են, որ հրապարակված տվյալները նշում են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ անհամապատասխանությունը, քանի որ նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ ժամանակավորապես դադարեցրել է Էր Ռիադին զենքի նմանատիպ վաճառքները: «Նոր թվերը շոկային են եւ եւս մեկ անգամ ցույց են տալիս ցանկացած գնով զենքի մատակարարումը շարունակելու Մեծ Բրիտանիայի կառավարության վճռականությունը»,-ասել է զենքի առեւտրի դեմ արշավից (Caat) Սառա Ուոլդրոնը:
Oxfam-ի՝ կոնֆլիկտների հարցերով խորհրդարական Մարտին Բութչերը վաճառքը «անբարոյական» է անվանել: «Եվ կրկին բրիտանացի քաղաքական գործիչները շահույթը վեր դասեցին եմենցիների կյանքից»,-ասել է նա: Նրա խոսքով՝ դա Սաուդյան Արաբիա զենքի արտահանման ամենամեծ աճն է 2015 թվականի մարտից ի վեր: Եմենն աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամ է վերապրում, բնակչության երկու երրորդը կախված է պարենային օգնությունից, եւ, այնուամենայնիվ, մարդիկ գումար են վաստակում աղետներից, որոնք առաջանում են զենքի վաճառքի պատճառով:





























