Ռուսաստանի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Տրետյակի հայտարարությունը պատահական չէ, քանի որ ակնհայտ է, որ հայ-ռուսական երկկողմ համագործակցության ձեւաչափը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամությունը ենթադրում են Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի տարածքի անվտանգության երաշխիքներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Ակնհայտ է, որ եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, անհնար կլինի դրանք սահմանափակել միայն Լեռնային Ղարաբաղի տարածքով: Անգամ այսօր կրակոցներ են լինում, մարդիկ են զոհվում եւ Հայաստանի տարածքում, եւ Ադրբեջանի: Ակնհայտ է, որ եթե հանկարծ վերսկսվեն ռազմական գործողությունները, դրանք անպայման կլինեն նաեւ Հայաստանի տարածքում: Ի վերջո, չեմ մտածում, որ ադրբեջանցիները կսպասեն, մինչեւ Լեռնային Ղարաբաղից գնդակոծեն Գյանջան ու Բաքուն, խոշոր քաղաքներն ու ենթաառուցվածքները, եւ կցանկանան ինչ-որ կերպ պատասխանել»,- ասել է Մինասյանն ու հավելել, որ եթեԱդրբեջանը քայլեր ձեռնարկի Հայաստանի դեմ, ուժի մեջ կմտնեն Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ պարտավորությունները: «ՌԴ գլխավոր շտաբը չի հերքել իր աշխատակցի հայտարարությունը: Կարծում եմ` Ռուսաստանի ռազմական ղեկավարության դիրքորոշումը գաղտնիք չէ Ադրբեջանի համար»,- ամփոփել է Մինասյանը:

Օրերս Eurasianet.org-ում նյութ էր հրապարակվել, որտեղ Տրետյակն ասել էր, որ Ռուսաստանը կատարելու է իր պարտականությունները. «Տրետյակն ընդգծել է, թե Ռուսաստանի հրաժարումը` խառնվել Ղրղըզստանի վիճակին չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար, որտեղ բոլորովին այլ իրավիճակ է»,- գրել է Eurasianet.org-ը: