Հայաստանում պետական բուհերի ռեկտորի պաշտոնը փաստացի նշանակովի կդառնա: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Մինչեւ 3 թեկնածուի, որոնց կհաջողվի հավաքել ձայների ամենամեծ քանակությունը, ղեկավարող խորհրդի որոշմամբ կներկայացնեն լիազորված մարմնի ղեկավարին, այսինքն՝ նախարարին, ով «կընտրի», իսկ իրականում՝ կնշանակի ռեկտորի: Նոր ռեկտորի հետ պայմանագիր կստորագրվի 5 տարով:

Բուհերում ղեկավար պաշտոնների համար կսահմանվեն որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ քաղաքական: Նրանց կարգելվի զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Նշենք, որ նույն փաթեթով ղեկավարող խորհրդում 9 տեղերից 5-ը կունենան իշխանության միեւնույն լիազորված մարմինը: Այսինքն՝ փաստացի իշխանությունը հսկողության տակ է առնում ռեկտորների նշանակման գործընթացը, ինչը չի եղել ո՛չ խորհրդային շրջանում, ո՛չ անկախության նախորդ շրջանում: