Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 10-ին ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին (Miroslav Lajcak):
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը շնորհավորել է վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Լայչակի արժեքավոր դիվանագիտական փորձը կնպաստի Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությանը եւ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացմանը:
Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ կողմերը կարեւորել են Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, ինչպես նաեւ մտքեր փոխանակել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման շուրջ:
Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում Միրոսլավ Լայչակը տեղեկացրել է, որ աշնանը սպասվում է այդ հարցով բանակցությունների մեկնարկը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ օրերս ԵՄ-ի կողմից հրապարակված ԵՀՔ Գործողությունների ծրագրի կիրառման զեկույցը եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության վերանայման մասին հայտարարությունը:




























