ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում հունիսի 9-ին նամակ է տարածել այդ կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, որը վերաբերում է Արդբեջանի վերջին հակահայ քայլերին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուշադրությունն  սեւեռել Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քարոզչության փաստին:

Միաժամանակ, Կարեն Նազարյանը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգի ֆոնին, հիասթափեցնում է փաստը, որ Ադրբեջանը շարունակում է չարաշահել ՄԱԿ-ի անդամ երկրի իր դիրքը, օգտագործելով ցանկացած հնարավորություն` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին քարոզչական ապատեղեկատվություն տարածելու համար:

Ընդգծելով, որ Ադրբեջանում անգամ ամենաբարձր մակարդակով անուշադրության են մատնվում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի, Մինկի խմբի համանախագահող երկրների եւ Եվրոպական Միության ղեկավարների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ շփման գծում դիպուկահարների ետքաշման վերաբերյալ հայտարարությունները, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն անհիմն եւ սադրիչ նամակներ տարածելու փոխարեն իր ուշադրությունը կկենտրոնացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա:

Դեսպան Նազարյանն ամփոփել է իր նամակը, նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչն էլ բազմիցս ապացուցել է գործնական քայլերով: