Տվյալ նախաձեռնությունը պայմանավորված է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ առկա օրենսդրական խնդիրների լրացմամբ: Այս մասին ԱԺ նիստում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Մենք ծրագրում ենք սահմանել բժշկական հետազոտության արդյունքը, որն ուղղված է ՄԻԱՎ հայտնաբերմանը, ինչպես նաեւ մարդու մոտ ՄԻԱՎ-ի առկայության մասին բժշկական գաղտնիքի բացահայտման կարգը: Բացի այդ, ծրագրվում է հաստատել պատասխանատվությունը ՄԻԱՎ-ի փոխանցման համար այն դեպքերում, երբ մարդը գիտի հիվանդության մասին, սակայն միտումնավոր փոխանցում է այլ մարդու»,-նշեց Նանուշյանը:
Սակայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նկատեց, որ օրենսդրությունում կա մեկ առաջարկ, որի համաձայն առաջարկվում է Քրեական օրենսգրքից հեռացնել մարդուն ՄԻԱՎ վարակման ռիսկի ենթարկելու փորձի համար տուգանքի կիրառման մասին կետը: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե որ տրամաբանությունից ելնելով է որոշվել նման միջոցների դիմել, սակայն պատասխան այդպես էլ չստացավ:
Բացի այդ, պատգամավորները անհանգստություն հայտնեցին, երբ պարզվեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ երեխաներին, որոնց 14 տարեկանը լրացել է (գործող օրենսդրությամբ՝ 16), թույլ կտրվի դիմել ՄԻԱՎ թեստ ստանալու համար առանց ծնողներին տեղեկացնելու: Ավելին, թեստի արդյունքների մասին տեղեկությունը գաղտնի կլինի, եւ երեխան ինքը կկարողանա որոշել՝ այդ մասին հայտնի ծնողներին, թե՝ ոչ:
Այդ ամենը դժգոհություն առաջացրեց պատգամավորների մոտ:
Նշենք, որ նման ոչ միանշանակ եւ բավական լուրջ հարցի քննարկումն ընթանում էր ԱԺ նիստերի կիսադատարկ դահլիճում:




























