Ադրբեջանի վարքը հույս չի ներշնչում, որ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը փաստաթուղթ կստորագրվի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Պատգամավորին նման եզրակացության է բերել այն հանգամանքը, որ ադրբեջանական լրատվամիջոցները որեւէ կերպ չեն մեկնաբանում ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպշիկի վերջին հարցազրույցը, որը բխում է ԼՂՀ շահերից, քանի որ Ադրբեջանի հասարակությունն ի վիճակի չէ ընկալել ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի հետ կապված իրողությունները: Բացի այդ, ըստ Մինասյանի, ադրբեջանական լրատվամիջոցներում շշուկներ են տարածվել, որ շրջանառվող փաստաթուղթն անընդունելի է Ադրբեջանի համար:

«Եթե հերթական անգամ իր ապակառուցողական վարքով Ադրբեջանը ձախողի փաստաթղթի ստորագրումը, դա պետք է հանգեցնի միջազգային հանրության դատապարտմանը»,- նկատել է պատգամավորները:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում կայանալու է հունիսի վերջին: