Շաբաթ օրը Ճապոնիայում 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 50-ը, հայտնում է Kyodo-ն:

Միաժամանակ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկրաշարժը չի հանգեցրել լայնածավալ ավերածությունների եւ մեծ թվով տուժածների:

«Մենք դեռեւս գտնվում ենք ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկությունները հաստատելու փուլում, բայց մինչ այժմ մասշտաբայինների (ավերածությունների) վերաբերյալ տվյալներ չեն ստացվել»,- ասել է վարչապետը, ով երկրաշարժից գրեթե անմիջապես հետո եկել է իր աշխատավայր, որտեղ ղեկավարում էր ճգնաժամային շտաբի աշխատանքը: Կառավարության ղեկավարը մեկ անգամ եւս նշել է, որ ճապոնական միջուկային օբյեկտները չեն տուժել աղետից:

Վարչապետը տեղի բնակիչներին կոչ է արել պատրաստվել հետցնցումներին եւ գիշերը փողոց դուրս չգալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: